Ղազախստանի իշխանությունները հայտնում են Ալմաթիի գրոհայինների շարքերում դիպուկահարների մասին
Ալմաթիի գրոհայինների շարքերում եղել են դիպուկահարներ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը «Хабар 24» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ գրոհայինները գործել են պրոֆեսիոնալ կերպով, առաջին հերթին զավթել և ավերել են Ալմաթի քաղաքի վարչական շենքերը, հեռուստաալիքների շենքերը, կենտրոնական հեռուստատեսությամբ ուղիղ եթեր դուրս գալու մի քանի փորձ են ձեռնարկել։ Իրականացվել է գրոհ ոստիկանության դեպարտամենտի շենքի վրա։ Ահաբեկիչների կողմից գործի են դրվել դիպուկահարներ՝ հատուկ հրացաններով։ Իշխանության ներկայացուցիչը նշել է, որ գրոհայինների թիրախում եղել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
«Հայտնի է երիտասարդ կուրսանտի գլխատման առնվազն մեկ դեպք։ Ներկա պահին հայտնի է ոստիկանության 18 զոհված աշխատակցի մասին»,-ասել է Աբաևը։
Նա ենթադրություն է հայտնել, որ անկարգությունների ժամանակ գրոհայինները կարող էին սեփական կապը կիրառել, քանի որ օպերատիվ կերպով զավթել են օդանավակայանը, մի քանի ինքնաթիռներ, զավթած բոլոր օբյեկտներում տեղադրել են բարիկադներ ու անցակետեր, պարեկություն իրականացրել՝ վերահսկելով բոլոր մոտքերն ու ելքերը։ Իսկ քաղաքով տեղաշարժն իրականացվել է օպտիմալ երթուղիներով։
Աբաևի խոսքով՝ սկզբում բողոքի ակցիաները խաղաղ են եղել, սակայն հետո ամբոխը ղեկավարել են զինված ավազակներն ու ահաբեկիչները։
Ղազախստանում հատուկ օպերացիաների ընթացքում իրավապահները ձերբակալել են անկարգությունների ավելի քան 3000 մասնակիցների, ոչնչացվել է 26 զինված հանցագործ։
Կարծիքներ