Ալեն Սիմոնյանն այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի և շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատ:
Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների և խուլ ու համրերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա:
Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաև երիտասարդ խուլ-համրերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների ստեղծումը: Միավորման անդամները մատնանշել են նաև սուրդոթարգմանիչներ վերապատրաստելու հարցի կարևորությունը և դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ աջակցություն են խնդրել:
Ալեն Սիմոնյանը միավորման ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:
ԱԺ նախագահը հանդիպման ավարտին միավորման շահառուներին տեղեկացրել է, որ առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ:
Վերջին տվյալներով՝ Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ:
Կարծիքներ