Ցանկանում եմ Հայաստանի դրոշի ներքո դառնալ UFC չեմպիոն. Արման Ծառուկյան. ArmSport

UFC-ում հանդես եկող ազգությամբ հայ, ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է: 2019 թ-ին նա իր առաջին քայլերը կատարել է UFC-ում: Անցկացրած 5 մենամարտից 4-ում Ծառուկյանը հաղթանակ է տարել, մեկում՝ պարտվել: ArmSport-ի հետ զրույցում 25-ամյա մարզիկը խոսել է իր անցած ճանապարհի, Հայաստանի դրոշի տակ հանդես գալու, առաջիկա ծրագրերի մասին:
Արմանը ծնունդով Ջավախքից է: Մինչև 11 տարեկան զբաղվել է ըմբշամարտով, հետո հաճախել է հոկեյի: 18 տարեկանից զբաղվում է MMA-ով:
«18 տարեկանում տեղափոխվեցի Ռուսաստան և շատ կարճ ժամանակահատվածում լուրջ նվաճումների հասա՝ դարձա MMA-ի աշխարհի չեմպիոն, արժանացա Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի սպորտի վարպետի կոչման: Հայաստանն իմ հայրենիքն է: Որտեղ էլ ապրեմ՝ գալու եմ այստեղ: Սա իմ հայրենիքն է, ու ես հնարավորինս շատ եմ գալիս՝ տարին մի քանի անգամ»,-ասել է Ծառուկյանը:
UFC-ում 25-ամյա մարզիկը հանդես է գալիս հայկական դրոշի ներքո.
«Ես ցանկանում եմ, որ հայ մարդը միշտ ներկայացնի Հայաստանի դրոշը: Նպատակս է, որ Հայաստանի դրոշի ներքո նվաճեմ չեմպիոնի կոչումը, ու բոլորն իմանան, որ ես հայ եմ ու ներկայացնում եմ Հայաստանը: Հաջորդ մենամարտս փետրվարի 26-ին է: Մրցակիցս դեռ հայտնի չէ: Երկու-երեք հաղթանակից հետո արդեն հնարավորություն կունենամ պայքարել չեմպոնական գոտու համար»,-նշել է Ծառուկյանը:
UFC-ում Հայաստանը ներկայացնելն Արմանի համար խոչընդոտներ է ստեղծել Ռուսաստանում:
«Հիմա Ռուսաստանում ցանկանում եմ մարզադահլիճ բացել, դիմել եմ պատկան մարմիններին, բայց ասացին, որ չեն կարող հովանավորել, քանի որ դու Հայաստանի դրոշի տակ ես հանդես գալիս: Պետք է ներկայացնեմ Ռուսաստանը, այդ դեպքում ամեն ինչ կանեն, ու ես վստահ եմ, որ այդ դեպքում նրանք ամեն ինչ կանեն, բայց ես հայ եմ ու ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը»,-ասել է երիտասարդ մարզիկը:
Կարծիքներ