Ֆրանսիացի բժիշկների խմբի հետ Արմեն Սարգսյանը քննարկել է վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման հետ կապված հարցեր
Ֆրանսիացի բժիշկների խմբի հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման, նրանց առողջության վերականգնման, վերջույթների պրոթեզավորման հետ կապված հարցեր: Նախագահ Սարգսյանը հատկապես բարձր է գնահատել այս ուղղությամբ գործունեություն ծավալող բոլոր կենտրոնների աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում և հատկապես ապրիլյան պատերազմից հետո նրանք հսկայական աշխատանք են կատարել և այսօր էլ մեծ աշխատանք ունեն անելու: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով վիրավորների և բուժօգնության կարիք ունեցողների մեծ թիվը՝ այսօր անհրաժեշտ է աջակցել նման կենտրոններին, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցված աշխատել նրանց հետ՝ տեղում իրականացնելու համապատասխան օգնության կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացը: Նախագահը նշել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նման կենտրոններին՝ համագործակցության հնարավորություն ստեղծել տարբեր երկրների նմանատիպ կենտրոնների ու մասնագետների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնագետների հետ, ինչպես նաև հեռանկարում ունենալ տեղում համապատասխան պարագաների արտադրության կազմակերպումը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ֆրանսիացի բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Նա միաժամանակ իր շնորհակալությունն է փոխանցել նախագահ Մակրոնին:
Կարծիքներ