Անվանական ծառատունկ Վայքում՝ ի հիշատակ անմահացած հերոսների
Այսօր Վայք համայնքի Երիտասարդական այգում իրականացվել է անվանական ծառատունկ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում ընկած անմահ հերոսների։
Ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանը:
Ծառատունկի խորհուրդն ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն էր, որին մասնակցում էին նաև զոհված հերոսների զավակներն ու հարազատները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ողջունելով ներկաներին, նախ շնորհակալություն է հայտնել անմահացած բոլոր հերոս տղաներին, կարևորել խորհրդանշական ծառատունկը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախաձեռնողներին:
«Ինձ համար պատիվ է ձեր հայրենակիցը լինել, պատիվ է լինել մեր հերոսների հայրենակիցը, խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ ընկած տղաների երեխաների, մայրերի, հարազատների: Դուք կրկնակի հերոսներ եք, որովհետև շարունակում եք ապրել: Ցավը կրելով սրտներումդ՝ կյանքի մասին մտածել և շարունակել նրանց կիսատ թողած գործը: Մենք մշտապես լիելու ենք ձեր կողքին:
Այս ծառերը, որ ավելանում են պուրակում, սիրո այն ջերմ դրսևորումն են, որ մեր հերոսները կյանքի սերմեր դարձան: Մենք պիտի ապրենք այնպես, որ արժևորենք նրանց զոհը, և որ նրանցից յուրաքանչյուրի կյանքը հազարապատիկ պտղաբեր լինի»,- իր խոսքում նշել է Նանե Ասատրյանը:
Միջոցառումն ամփոփվել է Վայքի հիմնական դպրոցի աշակերտների ելույթով:
Կարծիքներ