«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարի տեղակալը շնորհավորել է համայնքի ներկայացուցիչներին՝ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ չնայած համավարակի և պատերազմի հարուցած բարդություններին՝ նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի՝ ի դեմս Կապան խոշորացված համայնքի, համատեղ ուժերով երիտասարդական կյանքն այս տարի առանձնակի կաշխուժանա Կապան քաղաքում և հարակից բնակավայրերում: Նախարարի տեղակալը շեշտադրել է տարվա ընթացքում երիտասարդական մայրաքաղաքում հնարավորինս շատ պետական ու միջազգային տարաբնույթ երիտասարդական միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը և նախարարության պատրաստակամությունն արտահայտել այդ ծրագրերը Կապան քաղաք և Սյունիքի մարզ ուղղորդելու առումով:
Կողմերն արձանագրել են այն փաստը, որ ԱՊՀ Երիտասարդության խորհրդի նիստում հաստատվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու մեր երկրի ստանձնած հանձնառությունը, որը ևս նախատեսվում է իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում:
Երիտասարդական մայրաքաղաքում ծրագրվող միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Կապանում երիտասարդական համաժողովի անցկացման հնարավորությունը, որին կարող է մասնակցել նաև սփյուռքահայությունը՝ հեռավար ձևաչափով:
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում երիտասարդական մայրաքաղաքում իրականացվելիք միջոցառումներին, որոնք նախարարությունը պատրաստվում է կյանքի կոչել իր և գործընկեր կառույցների միջոցներով:
Կարծիքներ