Փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում․ ՆԳ նախարարի ուղերձը

Փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում․ ՆԳ նախարարի ուղերձը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․

«Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,

Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:

Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ:

Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։ Համաշխարհային մակարդակում ընդհանրապես, տարերային և տեխնածին աղետների ռիսկեր ունեցող մեր երկրում մասնավորապես փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում:

Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա՝ արդարացիորեն վայելելով բոլորի գնահատանքը, սերն ու հարգանքը:

Ցանկանում եմ՝ արժանին մատուցենք ձեր ընտանիքներին, սիրելիներին, հարազատներին, որոնց անվերապահ աջակցությունն ու սերը թույլ է տալիս ձեզ հանրությանը մատուցել ձեր ծառայությունը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Մնացեք միշտ հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում