Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին:
Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցն ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:
Վարչապետը պարգևները հանձնել է առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի մարզի թիմին, երկրորդ տեղը զբաղեցրած Շիրակի մարզի թիմին պարգևները հանձնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Վայոց ձորի թիմին պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին արդեն շարունակական դարձող տոնի առիթով և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Վարչապետի գավաթի» մրցաշարերը՝ վազքը, սեղանի թենիսն ընդգծում են թիմային տրամաբանությունը: «Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար և նշել, որ այս մրցաշարերը նաև հարգանքի տուրք են ուսուցիչների կատարած աշխատանքին:
Կարևորելով մարմնակրթության դերը՝ վարչապետը նշել է, որ օրերս Ջրառատում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, առաջիկայում սպասվում է Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի, Մալխաս և Ռոման Ամոյանների անվան դպրոցի բացումը: «Սա մեր կրթության ռազմավարության մասն է, որովհետև մարմնակրթությունը կրթության անբաժանելի մասն է»,- հավելել է վարչապետը:
Կարծիքներ