Երևանում պարեկ է դանակահարվել
Մայիսի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ ժամը 23։50-ի սահմաններում Գաջեգործների փողոցում նկատում են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որը վարել են անկանոն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդը չունի ավտոմեքենա վարելու իրավունք։
Այնուհետև պարեկները վարորդին հայտնել են, որ ավտոմեքենան պետք է տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք և վարորդի խնդրանքով ավտոմեքենայում գտնվող իր ընկերուհուն տեղափոխել են Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի մոտ, որտեղ վարորդը փորձել է համոզել իրենց, որ ավտոմեքենան չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք, այնուհետ իրենց են մոտեցել մի խումբ անձինք, որոնք իրենց ոչ ադեկվատ են պահել, վիճաբանել են, որի ընթացքում նշված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է պարեկներից մեկին:
Ավտոմեքենայի վարորդին և պարեկին հարվածող անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Մ․-ն, իսկ պարեկին մարմնական վնասվածք հասցրած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Ե․-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Պարեկը այնուհետև «կրծքավանդակի աջ կեսի մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն։
Էդուարդ Ե․-ն ձերբակալվել է։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ