ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:
«Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն:
Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Բուրիչի հայտարարության մեջ:
Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման:
«Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Կարծիքներ