Մոլդովայի՝ շուրջ մեկ միլիոն քաղաքացի Ռումինիայի քաղաքացիություն է ստացել
Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դուպուն հայտարարել Է, որ Մոլդովայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հաղորդել Է TVR հեռուստաալիքը: Ռումինիայի խորհրդարանը 2009 թվականին օրենք Է ընդունել, որը դյուրացնում Է Մոլդովայի բնակիչներին քաղաքացիություն տալու կարգը: Պրուտ գետի ձախ ափի բնակիչներին ռումինական անձնագիր ստանալու համար հարկավոր չԷ անցնել ռումիներեն լեզվի իմացության պարտադիր հարցազրույց: Միաժամանակ Ռումինիայի քաղաքացիության իրավունք են ստացել մինչեւ 1940 թվականը Մոլդովայի տարածքում ապրող բոլոր բնակիչները, երբ Բեսարաբիան, որը ռումինական զորքերի կողմից գրավվել Էր 1918 թվականին, միացվեց ԽՍՀՄ-ին:
Այդ նորման տարածվել Է «Մեծ Ռումինիայի» նախկին հպատակների ե՛ւ զավակների, ե՛ւ թոռների վրա: Նրանք, ինչպես կարծում են օրենսդիրները, «քաղաքացիությունը կորցրել են իրենցից անկախ հանգամանքներով»: Ռումինական օրենքը թույլ Է տալիս պահպանել Մոլդովայի եւ երրորդ երկրների իրենց քաղաքացիությունը: «Պրուտ գետի ձախ ափի գրեթե մեկ միլիոն բնակիչներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել: Նրանք ռումինացիներ են, եւ փաստաթղթերի հիման վրա ապացուցում են դա: Քաղաքացիության գործերի ազգային վարչությունում ներկայում քննարկվում են եւս 100 հազար հայտեր:
Համավարակը մտցրել Է իր ճշտումները. գործընթացը դանդաղ Է ընթացել: Վերջին ժամանակներս տեմպն արագացել Է, բայց հարցումները շատ-շատ են»,-ասել Է Դուպուն՝ հանդես գալով հանրային հեռուստատեսության հատուկ թողարկման ժամանակ: Պաշտոնյան նաեւ հայտնել Է, որ Բուխարեստն աշնանը Քիշնեւում 30-ից ավելի նախագծեր կգործարկի մշակույթի, ԶԼՄ-ների ազատության եւ կրթության բնագավառում: Դրանք կֆինանսավորվեն բացառապես Ռումինիայի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ