Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Մեկնարկել են Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։
Արարողությունը, որին մասնակցելու են հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, 2024 թվականի սեպտեմբերի 8-ին, կանցկացվի արդեն 12-րդ անգամ։
Վանի հայազգի բնակիչ Գայանե Գևորգյանը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթերթի հետ զրույցում Թուրքիայում և ամբողջ աշխարհում ապրող բոլոր հայերին հրավիրել է ներկա գտնվելու եկեղեցում իրականացվելիք արարողությանը: Նա նաև հույս է հայտնել, որ էլ ավելի շատ մարդիկ կայցելեն Սուրբ Խաչ եկեղեցի:
Կարծիքներ