Միմյանց ատող տղամարդն ու կինը ամուսնացել եւ 70 տարի երջանիկ են եղել
Բրիտանական Սենտ Հելենս քաղաքից ամուսինները, որոնք նշել են իրենց համատեղ կյանքի 70-ամյա տարեդարձը, հաստատում են, որ ի սկզբանե ատել են միմյանց, գրում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին։
Օսբորն եւ Էդիտ Հենքոքները ծանոթացել են 1938թ․, երբ երկուսն էլ տասը տարեկան էին։ Թեեւ դպրոցում ստիպված էին կողք-կողքի նստել, նրանք անհաշտ են եղել։ Հարաբերությունները լավացել են միայն բարձր դասարաններում։ Դպրոցից հետո Օսբորնը ծառայել է բրիտանական ռազմաօդային ուժերում։ Երբ նրան ուղարկել են Սինգապուր, նա եւ Էդիտը համարյա ամեն օր նամակներ են գրել միմյանց։
«Այն ժամանակ չկար ոչ մի ինտերնետ, նույնիսկ հեռախոս չկար, ամեն ինչ արվում էր փոստով»,- հիշում է Օսբորնը,- Մի նամակում ես նրան առաջարկություն արեցի, մյուսում նա ընդունեց այն: Նույնիսկ նրան 20 ֆունտ ուղարկեցի նշանադրության մատանու համար»: 1950-ին տղամարդն ու կինը ամուսնացել են: Նրանք չորս երեխա են մեծացրել, եւ այժմ Օսբորնն ու Էդիտը ութ թոռ եւ չորս ծոռ ունեն:
Հունիսի 17-ին, 92-ամյա զույգը նշել է իրենց ամուսնության տարեդարձը: «Մենք մեր տարիքը ընդհանրապես չենք զգում,- ասում է Օսբորնը,- Մենք առողջ ենք եւ երջանիկ, հոգ ենք տանում միմյանց եւ մյուսների մասին, եւ նույնիսկ երբեք չենք վիճում»: «Կարծում եմ՝ մենք այդքան լավ ենք միմյանց հասկանում, որովհետեւ ունենք ընդհանուր հետաքրքրություններ, եւ մեզ դուր է գալիս նույն երաժշտությունը,- ասում է Էդիտը,- Մենք շատ նման ենք, միշտ երջանիկ ենք, միշտ ծիծաղեցնում ենք միմյանց»:
Կարծիքներ