ԱԺ պատգամավորները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ

ԱԺ պատգամավորները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում են ունեցել ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։

«Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես սատարելու հարցում:

Կարևորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնումը և խորացումը:
Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաև մարզի Բերդ քաղաքի և Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմամբ:

Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լիլիթ Մակունցը:

Հանդիպմանն անդրադարձել է նաև Ֆրենք Փըլոնը թվիթերյան իր էջում:

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում