ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր
Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ՝ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ սա զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր է:
«Սրանից հետո մենք ակնկալում ենք, որ երբ կհայտնվեն նոր ծրագրեր, մեզ ավելի հեշտ կլինի ֆինանսավորման աղբյուրների շուրջ պայմանավորվել այնպիսի հզոր ֆինանսական գործընկերոջ հետ, ինչպիսին ՌԴ պետական զարգացման կորպորացիան է»,-ասաց նախարարը:
ՌԴ պետական զարգացման կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանը նշեց, որ կորպորացիան, որպես պետական կազմակերպություն, արդեն շատ տարիներ համագործակցում է Հայաստանի հետ:
«Մենք արդեն իրականացրել ենք բավականին թվով ծրագրեր: Դրանք իրականացվում էին առանձին, անհատական հիմքերի վրա: Ներկայում մենք ցանկանում ենք համակարգային հիմք ստեղծել Հայաստանի հետ մեր համագործակցության համար: ՀՀ-ն մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է՝ եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում: Ահա, թե ինչու փոխգործակցության այսպիսի ինտեգրված մոտեցման ստեղծումն, անկասկած, կնպաստի մեր ներքին ապրանքաշրջանառության, ներդրումների աճին»,-նկատեց նա:
Համաձայնագրի շրջանակում ստեղծվում է պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն: Ալգուլյանը հավելեց՝ արդեն մեծ թվով գաղափարներ կան, թե ինչի շուրջ պետք է համագործակցեն: Նա խոսեց քաղաքային տնտեսության, դրա զարգացման մասին:
«Հայաստանում մեծ թվով հետաքրքրիր քաղաքային ծրագրեր կան, և մեզ համար ևս հետաքրքիր կլինի դրանցում ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ: Մեծ թվով ռուսական ընկերություններ կան, որոնք կցանկանան դա անել»,-ասաց նա:
Ալգուլյանը մատնացույց արեց, թե վերջին տարիներին ինչպես է զարգանում Մոսկվան:
«Ռուսաստանում քաղաքային զարգացման ծրագրերի փորձը բավականին շատ է, և մեծ ուրախությամբ կկիսենք դա»,-ասաց նա:
Համագործակցության համաձայնագիր տորագրվեց նաև «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո» հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության միջև: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այդպիսի համագործակցության պայմանավորվածություն ինքը և Сколково-ի տնօրենը ձեռք էին բերել դեռ 2 ամիս առաջ՝ Եկատերինբուրգում:
Կարծիքներ