Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել ձերբակալության ժամկետը լրանալու հիմքով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ քանի որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել:
Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հերթին նշել է, որ Արզումանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննվի օգոստոսի 31-ին ժամը 19.00-ին։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:
Ըստ հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
Կարծիքներ