Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր նախկին ոստիկանին տեղափոխել են Մինեսոտայի խիստ ռեժիմի բանտ
Նախկին ոստիկան Դերեք Շովինը, որն ապրիլի 20-ին մեղավոր Է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով, տեղափոխվել Է Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ) ոչ հեռու Օուք Փարկ Հայթս խիստ ռեժիմի բանտ: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է KARE հեռուստաալիքը:
Ներկայումս նախկին ոստիկանը պահվում Է մենախցում: «Նա գտնվում Է անվտանգության մեջ եւ պահպանության ներքո Օուք Փարկ Հայթս բանտում»,- մեջբերում Է հեռուստաալիքը Մինեսոտայի պատիժների կատարման ծառայության ներկայացուցիչ Փոլ Շնելլի խոսքը: Ապրիլի 20-ին Մինեապոլիսում երդվյալների դատարանը Շովինին մեղավոր Է ճանաչել երկրորդ եւ երրորդ աստիճանի սպանության, այսինքն՝ չկանխամտածված սպանության, ինչպես նաեւ Ֆլոյդին երկրորդ աստիճանի անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Այդ հանցագործություններից ամենածանրը երկրորդ աստիճանի սպանությունն Է:
Դրա համար առավելագույն պատիժը կազմում Է 40 տարվա բանտարկությունը: Լայն արձագանք ստացած դատաքննությունն սկսվել Էր մարտի 8-ին: Շովինն անցյալ տարվա մայիսի 25-ին Ֆլոյդին ձերբակալելիս կիրառել Է խեղդող հնարք: Աֆրոամերիկացին դրանից հետո շատ չանցած մահացել Է: Մայիսի 26-ին Շովինին եւ եւս երեք իրավապահների, որոնք մասնակցել են Ֆլոյդի կալանավորմանը, հեռացրել են: Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ-ում տեղի են ունեցել զանգվածային բողոքներ եւ անկարգություններ: Անդորրի վերականգնման համար տեղի իրավապահ մարմիններին Է միացել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Մոտավորապես 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, սահմանվել Է պարետային ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ