Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը․ Անահիտ Մանասյան
Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում. այս մասին «Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում» խորագրով ամփոփիչ համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում կանանց առաջնորդության, հասարակական և քաղաքական կյանքում նրանց մասնակցության հետ: Մասնակիցները կիսվել են իրենց անձնական փորձով, հաջողության հասնելու գաղափարներով և ռազմավարություններով:
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար՝ կարևորելով տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:
«Կարծում եմ` յուրաքանչյուրս ունի հաջողության իր բանաձևը։ Իմ հաջողության բանաձևը երկու հիմնական գաղափարների համադրության մեջ է՝ սեր և ներդաշնակություն։ Սիրո միջոցով է հնարավոր թե՛ անձնական և թե՛ աշխատանքային միջավայրում գտնել ներդաշնակություն։ Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,- ասել է Պաշտպանը։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ու խտրականություն ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև «Ժամանակն է գործելու» գնահատողական ֆիլմը, ինչպես նաև անցկացվել է թեմատիկ ցուցահանդես:
Կարծիքներ