Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները
2022թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը կանցկացվի Երևանի քաղաքապետի կողմից, և ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցելու համար Երևանի 9-րդ դասարանի աշակերտը պետք է պատրաստի զեկույց, որում կներկայացնի Երևանի միջավայրի հարմարեցման կամ մատչելիության, կամ կրթության, կամ քաղաքի արտաքին ձևավորման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաներ:
Զեկույցին ներկայացվող պահանջներն են.
զեկույցը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
ներածական մաս (հիմնախնդրի նկարագրություն, նպատակ, խնդիրներ),
հիմնախնդրին առնչվող առկա իրավիճակը, պատճառներն ու հետևանքները,
խնդրի առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը,
զեկույցը պետք է լինի հայերեն և առավելագույնը 300 բառ ծավալով (չգերազանցի 1 էջը):
Հավաքված բոլոր զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբը կընտրի լավագույն 64 զեկույցները ներկայացրած աշակերտներին, որոնք կհրավիրվեն մասնակցելու ավագանու նիստին:
Քաղաքապետարանի գործող ավագանու անդամներից, ինչպես նաև հրավիրված այլ փորձագետների կողմից կգնահատվեն ներկայացված զեկույցները, և առավելագույն միավորներ ստացած զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան իրենց զեկույցը ներկայացնել երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին:
Մասնակցության համար զեկույցը պետք է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 20-ի օրվա ավարտը՝ լրացնելով հայտի ձևաթղթի բոլոր դաշտերը`
Կդիտարկվեն միայն այն զեկույցները, որոնք կհամապատասխանեն ներկայացված բոլոր չափանիշներին:
Կարծիքներ