Վրաստանում 8000 մարդ պատվաստվել է երրորդ դեղաչափով
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութի երրորդ դեղաչափը գործում է 10-12 ամիս և պաշտպանում է մարդուն վիրուսից։ Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, փոխանցում է 1tv.ge-ն։
Նա կոչ է արել բնակչությանը երկրորդ պատվաստումից վեց ամիս անց պատվաստել երրորդ՝ խթանող (բուստերային) դոզայով։
«Այսօրվա տվյալներով՝ երկրում մոտ ութ հազար մարդ ստացել է խթանող դեղաչափ։ Դրանք արվում են երկրորդ պատվաստումից վեց ամիս հետո։ Կարևոր չէ՝ դուք պատվաստվել եք «Sinopharm»-ի, «Sinovac»-ի թե «Pfizer»-ի պատվաստանյութով, խորհուրդ է տրվում պատվաստվել վեց ամիս հետո: Ես ինքս 2 դեղաչափով պատվաստվել էի, և մեկ շաբաթ առաջ խթանող դեղաչափ ստացա և բոլորին հորդորում եմ դա անել։ Ինչպես երևում է, բոլոր ուսումնասիրությունների համաձայն՝ պատվաստանյութը գործում է վեցից ութ ամիս և ցանկալի է, որ մարդը պատվաստվի երրորդ դեղաչափով։ Երրորդ դոզան, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ավելի երկար է գործում՝ մոտ 10-12 ամիս»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։
Կարծիքներ