Էջմիածնում հայտնաբերել է թմրանյութերի աճեցման լաբորատորիա

Էջմիածնում հայտնաբերել է թմրանյութերի աճեցման լաբորատորիա

Վաղարշապատի քրեական հետախույզներն ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում բնակվող երկու եղբայր Արմավիրի մարզում և Երևանում «Տելեգրամ» հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` իրացնում են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նաև տվյալ կար, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում աճեցրած կանեփից:

Սկսվել է տեղեկություններն ստուգելու և ճշտելու հետևողական գործընթաց, որի նպատակը կասկածելիներին հանցափաստով մերկացնելն էր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, մարտի 14-ին խուզարկություն է կատարվել եղբայրների բնակարանում: Հայտնաբերվել է զիպ փականով 18 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 747 գրամ էր:

42-ամյա եղբայրը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, փաթեթներն էլ պատրաստել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով իրացնելու համար: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Մանուշյան փողոցում գտնվող հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում: Փաստացի այստեղ էր բնակվում նաև ավագ եղբայրը: Բակում հայտնաբերվել է կանեփի աճեցման համար կահավորված լաբորատորիա, որտեղ կար կանեփի 23 թուփ: 44-ամյա եղբոր մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: 

Խորդանոցում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: Ավագ եղբայրը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել` «Տելեգրամի» միջոցով իրացնելու համար, իրենն է նաև ատրճանակը, որը բերել էր 44-օրյա պատերազմից հետո: Ձերբակալվել են նաև ավագ եղբայրն ու հորեղբոր որդին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում