«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի որ տոմսերը վավեր կհամարվեն

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի որ տոմսերը վավեր կհամարվեն

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր են համարվելու միայն այն տոմսերը, որոնք հանդիսատեսը գնել է tomsarkgh.am-ից և Telcell-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ հորդորելով չգնել վերավաճառվող տոմսեր, որոնք հավանական է՝ կեղծ են:

«Լսել ենք մրցույթի տոմսերի վերավաճառքի մասին: Մենք ոչինչ չենք կարող անել այդ ուղղությամբ, որովհետև վաճառքը չի վերահսկվում: Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ վավեր են լինելու միայն tomsarkgh.am կայքից և մրցույթի ցուցադրության գլխավոր հովանավոր Telcell-ից գնված տոմսերը: Շուկայից, սև շուկայից գնված տոմսերը վավեր կարող են չլինել, կարող են լինել կեղծ, և  գնորդները կարող են դառնալ խաբեության զոհ, ինչի պատճառով հնարավոր է՝ տհաճ իրավիճակ ստեղծվի համալիրում»,-շեշտեց Մովսիսյանը:

Նա խնդրեց զգույշ լինել ու չօգտվել վերավաճառքից՝ ևս մեկ անգամ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն ու  Եվրոպական հեռարձակողների միությունը չեն կարող պատասխանատվություն կրել:

Անդրադառնալով տոմսերի արագ սպառմանը՝ Մովսիսյանն ասաց, որ դա անսպասելի է եղել: «Սա նաև մեր հանրային կապերի աշխատանքի արդյունքն է:  Արդեն կարծում ենք, որ պետք է քիչ խոսել մրցույթից, որովհետև շատերն են ուզում ներկա լինել դահլիճում, իսկ տոմսերը քիչ էին»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ տոմսերը վաճառվել են երկու փուլով ու շատ արագ են սպառվել:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ տեխնիկական աշխատանքների արդյունքում մարզահամերգային համալիրում քչացել է նստատեղերի թիվը: Տոնին շատերին մասնակից դարձնելու նպատակով են մրցույթի մեկնարկը գեղեցիկ համերգային ծրագրով ազդարարել հոկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում