Ընդդիմությունն ահազանգում է ցուցարար կանանց վնասվելու մասին. ոստիկանությունն արձագանքում է
Կառավարության մոտ ակցիաներ իրականացնող ընդդիմադիրներն ահազանգում են ցուցարար կանանց վնասվելու մասին. ոստիկանությունը վստահեցնում է ցանկացած միջադեպով ուսումնասիրություն է իրականացնում:
«Հանրապետության հրապարակում խաղաղ անհնազանդության գործողություններ կատարող քաղաքացիներին ոստիկանությունը զանգվածաբար բռնում է։ Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ընդդիմության ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Մելիքյանը:
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ցանկացած միջադեպով ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում:
«Ցանկացած միջադեպով ոստիկանությունն ուսումնասիրությունն իրականացնում է, անհրաժեշտության դեպքում նաև ծառայողական քննություն սկսում»,- ասաց Ջանոյանը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության՝ դեկտեմբերի 24-ին անցկացրած ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 69 անձի:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ, այնուհետև սկսել նստացույց Հանրապետության հրապարակում:
Կարծիքներ