2022 թ․ հունվար-օգոստոսին շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում
2022 թ․ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ։
Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով 2022 թվականի համար ՀՀ պետական բյուջեով հատկացված է 1,5 մլրդ դրամ, որը տրամադրվելու է շուրջ 8000 քաղաքացու։
Հիշեցնենք, որ այս տարի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։ Վերջիններս հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով`
անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),
ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում),
տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝
մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Կարծիքներ