Արդարադատության նախարարը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է թվայնացման ոլորտի բարեփոխումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար 20-ից ավելի ընկերությունների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, օրակարգում են եղել նախարարության կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարի կողմից ընդգծվել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում:
«Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում մասնագիտացված կառույցի ներգրավման անհրաժեշտությունը և ոլորտային պետական գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Արդյունքում ընկերությունների կողմից հնչեցվել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ, կայացվել են որոշումներ ուղղված ինչպես խնդիրների կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը:
Կարծիքներ