Այսօր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում դրական եզրակացություն ստացան որոշ նախագծեր
Այսօր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում դրական եզրակացություն ստացան հետևյալ նախագծերը.
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից 60 տոկոս հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների համար` ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը, որով կբարձրանա 206 դատավորի աշխատավարձը:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը. բացը լրացնելու համար ներկայացվել է համապատասխան փոփոխություն, որով կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար:
««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները քննարկելիս ներկայացվել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք իրավական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Առաջարկվող փոփոխությամբ թափուր պաշտոնի համար հայտարարվող մրցույթը կհայտարարվի քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Հստակեցվել են կոմիտեի ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառմանը վերաբերող դրույթները:
Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած այն անձին, որի ծնողն ունի ՀՀ քաղաքացիություն: Առաջարկվում է նաեւ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած անձի կողմից դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակումը հանել, քանի որ, ըստ հեղինակի, խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը 3 տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ.
««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել են միայն տեխնիկական շտկումներ:
Հաջորդ` «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի նախագծով էլ գործադիրն առաջարկում է քրեակատարողական համակարգում գործող օպերատիվ բաժինները միավորել մեկ վարչությունում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի խոսքով փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են տեխնիկական շտկումներ:
Քննարկվել է նաեւ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողով, ընդլայնվում են խրախուսման եղանակները եւ շրջանակը:
Կարծիքներ