ՄՊՀ նախագահը ներկայացրեց բենզինի գների բարձրացման պատճառը

ՄՊՀ նախագահը ներկայացրեց բենզինի գների բարձրացման պատճառը

Կորոնավիրուսի համավարակի, լոքդաունի ընթացքում աշխարհում առաջացել էր բենզինի չսպառված էական ծավալ, ենթակառուցվածքների բացումից հետո արտադրող ընկերությունները միանգամից բարձրացրել են գները: Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը:

«Ես արդեն մեկ տարի առաջ ասել էի, որ բենզինի գները բարձրանալու են: Ես գուշակությամբ չեմ զբաղվում, գոյություն ունի բորսաների վերլուծություն: Կորոնավիրուսի ժամանակ կար բենզինի էական չսպառման ծավալ, դրա համար գները կտրուկ անկում էին ապրել, այնուհետև ենթակառուցվածքների բացման արդյունքում առաջացավ մեծ պահանջարկ: Եվ բենզին արտադրող այն  ընկերությունները, որոնք կրել էին տևական կորուստներ, գները միանգամից բարձրացրին»,-ասաց Գևորգյանը:

ԵԱՏՄ-ում կարծում են, որ նավթի և բենզինի գների պահպանում տեղի կունենա, իսկ եվրոպական գործընկերներն ակնկալում են նվազեցում: Ըստ ՄՊՀ նախագահի՝ ՀՀ-ն այդ գործընթացների վրա որևէ ձևաչափով չի կարող ազդել: «Մենք կարող ենք նայել, որ ձեռքբերման, տեղափոխման գները և մարժան ՀՀ-ում լինեն հիմնավորված, այսինքն տեղի չունենա դրա չարաշահում»,-ասաց նա:

Իրանում, օրինակ, բենզինը էժան է՝ պայմանավորված նրանով, որ ինքն է արտադրում և ունի քվոտավորված բենզին՝ բացարձակապես սեփական քաղաքացիների համար:

ՌԴ-ից ՀՀ բենզին ներմուծման ընթացքում կատարվում են տրանսպորտային ծախսեր: Գևորգյանը նշեց՝ այսպիսով զուտ տրամաբանորեն Հայաստանում չի կարող լինել այն գինը, ինչ ՌԴ-ում է:  

«Հիմա մենք նավթի և նավթամթերքի միասնական շուկա ենք փորձում ԵԱՏՄ-ում ստեղծել, որտեղ էլի հետևյալ սկզբունք է գործում՝ նավթամթերքի  կետում ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները հավասար գնի ու հավասար պայմանի հնարավորություն են ունենալու: Սակայն ԵԱՏՄ անդամ երկրներ տեղափոխման և այլ ծախսերը բնականաբար տարբեր են լինելու: Հիմա մենք փորձում ենք այդ շղթան հնարավորինս հեշտացնել, որ ծախսերի նվազեցում տեղի ունենա»,-ասաց նա:

Գևորգյանը վստահեցրեց՝ մտահոգությունը, թե բենզինի շուկան փակ է, անհիմն է: «Հենց Իրանը բացում է և հնարավորություն է ունենում ՀՀ բենզին մատակարարել, մեծ ակտիվություն է դրսևորվում, գները մի փոքր իջնում են»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում