Եվրոպական խաղեր. հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

Եվրոպական խաղեր. հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին «ատրճանակ» ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր:

Նախորդ օրը՝ անհատական պայքարում մարզիկները՝ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը, չեն կարողացել նվաճել Լեհաստանում մեկնարկած Եվրոպական խաղերի գնդակային հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։

10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 572 միավոր և 38 մասնակցի մեջ զբաղեցրել 12-րդ տեղը:

Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով գրանցել է 22-րդ արդյունքը (36 մասնակցի մեջ) և դուրս մնացել հետագա պայքարից։

Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել 8 լավագույն արդյունք ցուցադրած մասնակիցները:

Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանիշային են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։

Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ աթլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում