Խոշոր ավտովթար-հրդեհ Վայքի զորամասի մոտ․ բժիշկները պայքարում են այրվածքներ ստացած պարեկի կյանքի համար
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Հարվածի հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին քաղաքացիները ու փրկարարները իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջինս տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել: Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխելու են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Աղբյուրի տեղեկություններով վիրավոր Գ․ Հովակիմյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ։
Կարծիքներ