Փաստաբանների հետ հանդիպումից հետո Սահակաշվիլին կորցրել է գիտակցությունը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում փաստաբանների հետ հանդիպելուց հետո կորցրել է գիտակցությունը եւ պատգարակով է դուրս բերվել տեսակցությունների սենյակից։ Այս մասին լրագրողներին ասել է Սահակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
«Միշան փաստաբանների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ, սայթաքեց ու ընկավ։ Դրանից հետո ես նրա ձայնը չլսեցի, նա աչքերը չբացեց։ Նրանք պատգարակ բերեցին եւ տարան նրան… Մինչ այդ նա իրեն շատ վատ էր զգում»,- ասել է Բասիլայան։
Նա ասել է, որ չգիտի, թե ինչ վիճակում է Սահակաշվիլին ներկա պահին։ Լրացուցիչ տեղեկություններ է փորձում ստանալ քաղաքական գործչի մյուս փաստաբանը՝ Նիկա Գվարամիան։ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։
«Մտավարի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գլդանիի բանտում մեծ թվով ոստիկաններ եւ հատուկ տեխնիկա է մոբիլիզացվել։ Լրագրողները նշում են, որ ՔԿՀ-ի կենտրոնական մուտքի մոտ առայժմ վերակենդանացման մեքենա չի երեւացել։
Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 1-ին ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։ Նոյեմբերի 8-ին Ռուսթավի քաղաքի գաղութից նրան տեղափոխել են Գլդանիի բանտի հիվանդանոց։
Կարծիքներ