Կոլումբիայում ցուցարարները պատանդ են վերցրել 79 ոստիկանի, կան զոհեր
Կոլումբիայի հարավային Կակետա նահանգում ցույցի ընթացքում մեկ ոստիկան է սպանվել, ևս 79-ը պատանդ են վերցվել: Ցուցարարները տարածքում գործող նավթային ընկերությունից պահանջում են վերանորոգել հին ճանապարհները և կառուցել նորերը: Բացի դրանից, սպանվել է նաև 1 քաղաքացիական անձ, պատանդ է վերցվել նավթահանքի 9 աշխատող: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ ոստիկանը սպանվել է մաչետեի հարվածից, իսկ քաղաքացիական անձը՝ հրաձգության հետևանքով:
Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է դեպքի վայր և ցուցարարներին համոզել, որ դադարեն նավթային ընկերության տարածք մոլոտովի կոկտեյլներ նետել:
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հույս է հայտնել, որ պատանդներին բաց կթողնեն, և իրավիճակն է՛լ ավելի չի սրվի: Նա նաև բժշկական օգնություն է խնդրել Կարմիր Խաչից:
Ցուցարարներից շատերը գյուղացիներ են և բնիկներ, որոնք նավթային ընկերությունից պահանջում են Սան Վիսենտե դել Կագուան բնակավայրի հատվածում կառուցել նոր ճանապարհային ենթակառուցվածքներ:
BBC-ն հաղորդում է, որ Կոլումբիայում էներգետիկ և հանքարդյունաբերական ընկերությունների մոտ հաճախ են ցույցեր տեղի ունենում. բնակիչները պահանջում են կառուցել ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ճանապարհներ և դպրոցներ:
Ըստ ոստիկանության՝ 2016 թ.-ին հաշտության գործարքից հրաժարված ապստամբ խմբերից մեկը ներկա է եղել բողոքի ակցիայի վայրում: Նշվում է, որ հարձակումը կարող էին սադրել հենց ապստամբները:
Կարծիքներ