2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր կարեկցանքն ենք հայտնում նրանց ընտանիքներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը օգնություն տրամադրելու համար՝ հիմնվելով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առկա եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղություն հաստատելու համար։
Ռուսական կողմի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սուր հումանիտար խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ։
Այսօր լրանում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա լայնածավալ պատերազմի երրորդ տարին:
44-օրյա պատերազմը սկսվել էր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին: Քննչական կոմիտեն հայտնել է, որ պատերազմի հետևանքով ԼՂ-ում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3809 անձ։
Կարծիքներ