Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսեկան 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը

Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսեկան 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ Ըստ այդմ՝ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը յուրաքանչյուր երեխայի համար ամսական 50 հազար դրամ կվճարվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այս որոշման ընդունումը նպտակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են թվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը։

«Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով, մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի մեկին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, և միանվագ բնույթ է կրում և ըստ էության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։

Այսպիսով, կառավարությունն սկսում է մի ծրագիր, որը նախատեսում է ամենամսյա պարբերական վճարումներ ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով երեխայի համար՝ վեց տարի շարունակ։ Ընդ որում, եթե երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ են ծնվում, հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը, և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ վերջին տարիներին ընտանիքներում բնական աճ կա՝ երրորդ երեխայի ծնվելու առումով։ Ուսումնասիրությունների համաձայն՝ այդ աճը գնահատվում է 5 տոկոս։ «Եվ այս որոշմամբ մենք կկարողանանք 2025 թվականին արդեն գնահատել երեք տարվա արդյունքները, և կանխատեսում ենք, որ ևս 3 տոկոս աճ տեղի կունենա»,- հավելեց Նարեկ Մկրտչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ավելի պարզ ներկայացնենք՝ խոսքը հետևյալի մասին է, որ երբ ընտանիքում երրորդ երեխան ծնվում է, այս աջակցության ծրագիրն սկսում է աշխատել։ Այսինքն՝ երրորդ երեխան ամիսը 50 հազար դրամի աջակցություն է ստանում։ Այդ նույն ընտանիքում, եթե չորրորդ երեխան է ծնվում, նույնկերպ ստանում է աջակցություն, հինգերերոդ երեխան է ծնվում, նույնկերպ ստանում է աջակցություն մինչև վեց տարեկանը, և հետագա բոլոր երեխաները։ Այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա։ Այսինքն՝ երեխայի ծննդյան դեպքում երրորդ երեխայից արդեն նախատեսված է 1 մլն դրամ։ Եվ այս նպաստը չի ազդում մինչև երկու տարեկան խնամքի նպաստի վրա, որը հատկապես գյուղական վայրերում ավելի բարձր նշաձողով են ստանում՝ ամիսը 50 հազար դրամ։ Բայց այս վճարումն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա։ Եթե ընտանիքը Փարոս համակարգում ընդգրկվել է, և հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում ազդում է դրա վրա։ Այսինքն՝ մարդը նպաստից զրկվում է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում