ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմեկնի Չինաստան. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմեկնի Չինաստան. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը հունիսի 4-ին կմեկնի Չինաստան՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունների հիմնական բաղադրիչները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Պետդեպարտամենտը։

«Պեկինում պետքարտուղարի օգնական Կրիտենբրինկը և Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Չինաստանի գծով ավագ տնօրեն Սառա Բերանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Չինաստանից Կրիտենբրինկը կմեկնի Նոր Զելանդիա՝ մասնակցելու «ԱՄՆ-Նոր Զելանդիա ռազմավարական երկխոսությանը և քննարկելու կլիմայի փոփոխությունը, տեխնոլոգիաները, տնտեսական և պաշտպանական համագործակցությունը»: Պաշտոնյայի շրջագայությունը կավարտվի հունիսի 10-ին։

Ամերիկյան կողմը բազմիցս ազդարարել է, որ կցանկանար կազմակերպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ֆինանսների և առևտրի նախարարներ Ջանեթ Յելենի և Ջինա Ռայմոնդոյի այցերը Չինաստան։ Բացի այդ, Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցանկությունը՝ նոր հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում