Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել են նաև Փոթին ու Քոբուլեթին
Վրաստանում ութ բալ ուժգնությամբ փոթորիկը և ուժեղ քամիները վնասել են Բաթումի և Քոբուլեթի քաղաքների առափնյա ենթակառուցվածքները, ինչպես նաև Փոթի նավահանգստային քաղաքը:
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Բաթումիում փոթորիկը վնասել է Նոր բուլվարի ենթակառուցվածքը, իսկ հետիոտնային ճանապարհը լվացվել է։ Ջրով են լցվել Խիմշիաշվիլի փողոցը և այնտեղ գտնվող շենքերի առաջին հարկերը։
Բուլվարի ադմինիստրացիան և քաղաքապետարանը դիմել են Բաթումիի բնակիչներին՝ խնդրելով զերծ մնալ բուլվարի երկայնքով քայլելուց։
«Բաթումիում հորդառատ անձրևի և եղանակային բարդ պայմանների պատճառով խնդրում ենք զերծ մնալ բուլվարի ափամերձ գծով տեղաշարժվելուց, ծովում 8 բալ ուժգնությամբ փոթորիկ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փոթորկի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
Փոթիում ուժեղ քամին պոկել է մի քանի բազմահարկ շենքերի տանիքներ, վնասել ավտոմեքենաներ: Աշխատանքներ են տարվում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վատ եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև նոյեմբերի 29-ը։
Կարծիքներ