Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին, պարգևատրել հաղթողներին. ֆոտո

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին, պարգևատրել հաղթողներին.  ֆոտո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է Փարաքար-Էջմիածին մայրուղում: 1-ին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածություն՝ մեկնարկը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

 

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են նաև դրամական մրցանակներ՝1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

 

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին օրվա իրադարձության առիթով, ինչպես նաև մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակն է նպաստել հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովմանը:

Կառավարության ղեկավարը նշել է՝ մրցաշարերի նպատակն է նաև փոխել քաղաքացիների շրջանում վերաբերմունքը սպորտի նկատմամբ, որովհետև սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան՝ որպես հեռուստացույցի էկրաններից այն կողմ գտնվող իրադարձություն. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»:

 

Վարչապետն ընդգծել է խճուղավազքին հատկապես դպրոցականների մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար. «Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև մեր դպրոցների և ուսուցիչների համար: Մենք տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հաջողություններ են գրանցում, և մենք ուզում ենք նաև գնահատանքի խոսքեր ասել մեր ուսուցիչներին, դպրոցներին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում