Ճապոնիայի նոր արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Չինաստանն ու ԿԺԴՀ-ն
Ճապոնիայի արտաքին գործերի նոր նախարար Յոսիմասա Հայաշին շաբաթ օրը առաջին հեռախոսազրույցն է անցկացրել պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ նրա հետ քննարկելով ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Չինաստանի և ԿԺԴՀ-ի շուրջ, ինչպես նաև այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում», - ասել է Հայաշին լրագրողներին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:
«Բլինկենի հետ զրույցում մենք վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ շարունակել սերտ համագործակցությունը՝ ամրապնդելու ճապոնա-ամերիկյան դաշինքը, կյանքի կոչել ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգը, կանխել կլիմայի փոփոխությունը, պայքարել նոր կորոնավիրուսի դեմ և լուծել այլ գլոբալ խնդիրներ։
Նոյեմբերի 10-ին Հայաշին պաշտոնապես հաստատվել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։ Այս պաշտոնում նա փոխարինել է Տոշիմիցու Մոտեգիին, ով նշանակվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար։
Կարծիքներ