Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական համալիրի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

Արարողությանը ներկա են եղել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դեսպանության դիվանագետներ և աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ծաղիկների խոնարհման արարողությանը նախորդել է Սուրբ Պայծառակերպության Մայր եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցումը, որից հետո կատարվել է Բարեխոսական կարգ՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

Դեսպան Վաղարշակ Հարությունյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի «Տապան» թանգարան, որտեղ բացվել է  ցուցահանդես՝ նվիրված համաշխարհային մամուլի առաջին էջերում Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում