Վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն կանանց տոնին հանդես կգա Երևանում
Մեր ժամանակների լավագույն ակորդեոնահարներից Ռիշար Գալիանոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Համերգը տեղի կունենա կանանց տոնին՝ մարտի 8-ին, իսկ մարտի 9-ին կլինի ջազային երեկո: Համերգները կանցկացվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մարտի 8-ի ծրագրում կհնչեն Պիացոլլայի և Գալիանոյի ստեղծագործությունները` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իսկ մարտի 9-ին կայանալիք ջազային երաժշտության երեկոյին Գալիանոյի հետ բեմում կլինեն Սամվել Գասպարյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփորահար), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):
Գալիանոն վիրտուոզ ակորդեոնահար, բանդոնեոնահար և կոմպոզիտոր է: Նա հանդես է գալիս երաժշտական բոլոր ժանրերում՝ դասականից մինչև ջազ: Մեր օրերի միակ ակորդեոնահարն է, որին ձայնագրել է հեղինակավոր «Deutsche Grammophon» ընկերությունը: Գալիանոն ձայնագրել է 70 ալբոմ՝ համագործակցելով լավագույն արտիստների ու երաժշտախմբերի հետ:
Նրա մասին ասում են. «Գալիանոն փոխեց ակորդեոնի պատմության ընթացքը»: Գալիանոն իր մասին ասում է. «Ես ցանկացել եմ ակորդեոնը, որին անարդարացիորեն անվանում են «աղքատների դաշնամուր», ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին, չնայած միշտ նվագել եմ «Steinway»-ի վրա»:
Ռիշար Գալիանոն իր փոքրիկ գյուղից դուրս եկավ ու այդ նպատակով մեկնեց Փարիզ: Գալիանոյին հավատացին ու նրա հետ համագործակցեցին մեր ժամանակների լավագույն երաժիշտները: Աստոր Պիացոլլայի հետ նա սկսեց սերտորեն աշխատել 80-ականների սկզբին: Նրանց համագործակցությունը վերածվեց մտերիմ ընկերության: 2010-2016 թվականներին հեղինակավոր «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության կողմից հրատարակվեցին Գալիանոյի «Բախ», «Վիվալդի», «Նինո Ռոտա» և «Մոցարտ» ալբոմները:
Ակորդեոնը մի շարք երկրներում համարվում է ազգային գործիք: Այն առկա է Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բալկանների ժողովրդական երաժշտության մեջ:
«Համերգները, որոնք ես տալիս եմ 50 տարի շարունակ աշխարհի հինգ մայրցամաքներում, պատմում են արտիստի կյանքի մասին, այն տղայի անցած ճանապարհի, որ ոգեշնչված է երաժշտության հանդեպ մեծ կրքով, և ես հրավիրում եմ ձեզ կիսել այդ կիրքն ինձ հետ համերգի ժամանակ»,-ասում է Ռիշար Գալիանոն:
Կարծիքներ