Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները. Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում խաղերը կազմակերպչական տեսանկյունից, և ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի մարզական պատվիրակությունը: Ներկաները փաստել են, որ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով, իսկ իրենք տրամադրված են հաղթանակների:
«Դուք մեր ուժն եք: Ձեր միջոցով մենք պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները: Այս խաղերը ևս մեկ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք եղել ենք, կանք և կլինենք: Լավ մասնակցության շնորհիվ դուք բացում եք ավելի մեծ հաղթանակների ճանապարհը»,- ասել է Վահրամ Դումանյանը՝ դիմելով հայ մարզիկներին:
ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում: Վահրամ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել հայ մարզիկների ելույթներից և նշել, որ նրանք պետք է մրցահարթակ դուրս գան հնարավորինս անկաշկանդ.
«Իհարկե, հաղթանակները կարևոր են, բայց ինքներդ ձեզ չկաշկանդեք անպայման հաղթելու մտքով. հաղթելու ցանկությունը պետք չէ դարձնել մոլուցք: Եթե այս անգամ չստացվի, կստացվի հաջորդ անգամ. կարևորը չընկճվելն է»:
Մարզիկները, խոսելով առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների խաղերին իրենց մասնակցությունից, ընդգծել են, որ այս մարզական ստուգատեսը կարևոր է հատկապես փորձառություն ձեռք բերելու տեսանկյունից:
ԿԳՄՍ նախարարը ևս փաստել է փորձի կարևորությունը.
«Փորձառության շնորհիվ ձեռք եք բերում կամային հատկանիշներ, սառնասրտություն, էմոցիաները վերահսկելու կարողություն: Դուք դա ինձնից լավ գիտեք: Հնարավոր է՝ մարզումների ժամանակ ռեկորդներ գրանցել, իսկ բուն մրցումների ժամանակ՝ լարվել: Այնպես որ՝ համակարծիք եմ, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցության կարևոր նպատակներից է փորձ ձեռք բերելը. փորձն է հանգեցնում հաղթանակների»:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԿԳՄՍ նախարարության՝ սպորտի ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից և առկա խնդիրներից:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ առկա հնարավորությունների սահմաններում արվում է առավելագույնը.
«Գուցե այս պահին կտրուկ թռիչքաձև վերելքներ չկան, բայց կան հաստատուն քայլեր, որոնք ապահովելու են զարգացում: Վստա՛հ եղեք: Կատարվում են մարզադպրոցների, մարզադահլիճների շինարարություններ, մշակվում են մարզիկներին աջակցության ծրագրեր: Դուք պարզապես շարունակե՛ք նույն սպորտային ոգևորությամբ շարժվել դեպի նոր հաղթանակներ»:
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան-սպորտային պետություն» («Россия-спортивная держава») ֆորումին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:
Կարծիքներ