Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործ ընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում:
«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։
Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։
«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասաց Ղարիբաշվիլին։
Կարծիքներ