Covid-19-ի դեպքերի աճի ֆոնին Վրաստանը դուրս է եկել «կանաչ գոտուց»

Covid-19-ի դեպքերի աճի ֆոնին Վրաստանը դուրս է եկել «կանաչ գոտուց»

Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19-ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին»: Եթե հուլիսի սկզբին Վրաստանում հարյուր հազար բնակչի հաշվով նոր դեպքերի ցուցանիշը 0,7 էր, ապա այսօր այն կազմում է 10,2: Սկսվում է «դեղին» նախազգուշական գոտին, երբ հարյուր հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10-ից 30 է:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք: Վեց խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 1-ը: «Դա մեզ պետք է, որպեսզի առկա ռիսկերը ճիշտ գնահատենք: Դրա համար համաճարակաբանների հետ մեզ երկու շաբաթ է պետք: Դրանից հետո մենք լրացուցիչ որոշումներ կկայացնենք երեխաների հետ կապված»,- ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում