Ողջ Գերմանիայում երկաթուղայինները գործադուլ են անցկացնում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով
Գերմանիայում երկաթուղային հաղորդակցությունն այսօր առավոտյան կաթվածահար է եղել երկաթուղիների և տրանսպորտի ոլորտի աշխատողների EVG արհմիության կողմից հայտարարված նախազգուշական գործադուլի պատճառով։ EVG-ի ներկայացուցչի պնդմամբ՝ երկրի շուրջ 50 երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ ժամը 03:00-ից միացել են պայքարին, որի նպատակն է հասնել աշխատանքի պայմանների բարելավման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Deutsche Bahn (DB) երկաթուղային ընկերության հեռընթաց գնացքների երթևեկությունը պետք է վերսկսվի տեղի ժամանակով ժամը 13:00-ին, սակայն DB-ն նախապես զգուշացրել է հնարավոր ընդհատումների մասին՝ ընդհուպ մինչև երեկո։ Տեղական գնացքների գործադուլը կավարտվի ավելի վաղ՝ ժամը 11:00-ին։
Միաժամանակ, Ver.di ծառայությունների ոլորտի աշխատողների արհմիությունը շարունակում է Համբուրգի, Քյոլն-Բոննի և Դյուսելդորֆի օդանավակայաններում նախօրյակին սկսված գործադուլը, իսկ այսօրվանից նրանց միացել են նաև Շտուտգարտի և Կարլսրուե Բադեն-Բադենի օդանավակայանները։
EVG միությունը պահանջում է գերմանական երկաթուղու աշխատողների աշխատավարձը բարձրացնել 12 %-ով, բայց ամսական 650 եվրոյից ոչ պակաս: Ver.di-ն գիշերային ժամերին, հանգստյան և տոնական օրերին աշխատանքի համար պահանջում է հավելավճարների ավելացում օդանավակայանների աշխատողների համար, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի վճարումների բարձրացում: Ապրիլի 11-ին և 12-ին անցկացված բանակցություններում չի հաջողվել համաձայնության հասնել: Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է ապրիլի 27-28-ը։
Գերմանիայի տրանսպորտի աշխատողների նախորդ խոշոր գործադուլն անցկացվել է մարտի վերջին։
Կարծիքներ