Մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ անմնացորդ ծառայել ծննդավայրիս` Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ. Խուդաթյան
Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել համայնքի իր թիմին շուրջ վեց տարվա համատեղ աշխատանքի համար։
«Սիրելի՛ արմավիրցիներ, կառավարության այսօրվա նիստով նշանակվել եմ Արմավիրի մարզպետ ու նշանակումով պայմանավորված՝ երեկ ազատվել եմ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը` բարձր վստահության համար:
Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ Ձե՛զ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով Ձեզ ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ:
Այժմ չեմ ուզում անդրադառնալ շուրջ վեց տարվա ընթացքում արված և ընթացքում գտնվող աշխատանքներին. դրա առիթը վստահաբար դեռ կունենամ:
Ուզում եմ ընդամենը ասել, որ Արմավիր համայնքում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով:
Շնորհակալ եմ Հանրապետության ամենամեծ ավագանու խմբակցությանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի թիմին, համայնքապետարանի անձնակազմին, համայնքապետարանի ենթակա կառույցների անձնակազմերին, մարզային և համայնքային գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:
Արմավիր համայնքի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին, և հունվարի 15-ին համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու արտահերթ նիստ կգումարի:
Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա, հաջողությամբ կշարունակվեն ընթացքում գտնվող ծրագրերը, բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն:
Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ գործընկերներ, մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ անմնացորդ ծառայել ծննդավայրիս` Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ: Հեշտ չի լինելու, բայց միասին հաջողելու ենք»,- ասվում է Խուդաթյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։
Կարծիքներ