Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով
Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով:
«Հայտնի է, որ, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ գործով և մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են ամսվա մեջ որոշակի հատված, իսկ մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով: Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»,- մանրամասնեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ սահմանների պահպանությունը սահմանապահների կողմից իրականացնելու գաղափարը կյանքի է կոչվելու խաղաղ դարաշրջան բացելու համատեքստում՝ շեշտելով, որ այդ գործընթացը ոչ միանգամից է լինելու, որովհետև սահմանապահի առկայությունը սահմանին խաղաղության խորհրդանիշ է: «Պրոֆեսիոնալ բանակը, որը մշտապես տեղակայված է մշտական տեղակայման վայրերում և զբաղված է միայն մարտական պատրաստականության, գրագիտության, պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմամբ, կիրառվում է միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի վրա: Մնացած բոլոր դեպքերում բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարաններում»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետը և կառուցվածքը փոխելու մտադրությանը՝ վարչապետն ընդգծեց, որ որոշել են ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստականության բարձրացման աշխատանքներին: «Գիտեք, որ վաղվանից եռամսյա վարժական հավաքներ են տեղի ունենալու, և այդ վարժական հավաքներով մեկնարկում է ակտիվ պահեստազոր ունենալու գործընթացը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի զինվորական ծառայությունն ունենա պատշաճ գրավչություն: «Այստեղ խոսքը միայն աշխատավարձերը բարձրացնելու մասին չէ, և մենք նպատակադրված ենք բարձրացնել ոչ միայն աշխատավարձերը, այլև սոցիալական երաշխիքների ամուր, կայուն և վստահելի համակարգ ստեղծել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար: Այս առումով մեզ համար առանցքային է նաև ռազմական կրթության որակը բարձրացնելը: Հայաստանում ռազմական կրթության որակը պետք է շարունակաբար բարձրանա: Մեր բանակը պետք է շարունակաբար տեխնոլոգիական զարգացման ենթարկվի, ինչը համապատասխան կլինի 21-րդ դարի մարտահրավերներին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ