25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկից ագոնալ վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ աղջկա։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վերջինս 25-ամյա Թամարա Ա-ն էր, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահ։ Նախորդ օրը որովայնի հատվածում ցավեր ունենալու պատճառով Թամարա Ա-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և հայտնել են, որ պաթոլոգիա չի հայտնաբերվել և դուրս են գրել։
Արդեն տանը ցավերը սաստկացել են, ինչի համար 2 անգամ շտապօգնություն է ժամանել, և այսօր հերթական ցավերի պատճառով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Դեպքի մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից արդեն ահազանգել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի բարեկամները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ոչ շտապօգնությունն ա մեղավոր, ոչ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցը։ Էդ ջահել աղջկան, եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում սրտացավ վերաբերվեին ու 2 օր պահեին հիվանդանոցում, չասեին, թե ոչ մի բան չկա, կարող ես գնալ տուն, հիմա էդ ջահել աղջիկը մեզ հետ կլիներ»։
Կարծիքներ