Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ կդառնան 2023 թ.-ին

Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ կդառնան 2023 թ.-ին

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ գալիք տարում Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ վավերացման գործընթացը կավարտվի ժամանակին, և Թուրքիան նոր անդամների ընդունումը դաշինքի կազմ երկարատև ժամանակով չի արգելափակի։ DPA գործակալությանը տված հարցազրույցում, սակայն, Ստոլտենբերգը չի կարողացել նշել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու ստույգ ժամկետը։

Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին էին հանձնել անդամակցության հայտեր, սակայն Թուրքիան անմիջապես արգելափակել էր այդ գործընթացն՝ այդ երկրներից պահանջելով  քրդական կազմակերպությունները հայտարարել ահաբեկչական, հանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին կամ երկրում 2016 թ. հեղաշրջման փորձին մասնակցած անձանց և չեղարկել Անկարային զենքի մատակարարումների արգելքը:

Հունիսի 28-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, բանակցություններ էին տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև։ Ստորագրվել էր հուշագիր, որը Ստոկհոլմին և Հելսինկիին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչպես հայտարարել Է Թուրքիայի ղեկավարը, Շվեդիան խոստացել է հանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված ավելի քան 70 մարդու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում