Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի տարբեր շրջաններում: Գլդանուլա գետը, որը դուրս է եկել ափերից, ողողել է մայրաքաղաքի Գլդանի շրջանի տների բակերը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մի քանի հասցեներում գրանցվել են ծառերի տապալման և լանջերի փլուզման դեպքեր։
«Բոլոր շրջաններում, որտեղ առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, քաղաքապետարանի և վարչակազմի համապատասխան մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքներ են տարվում վնասի վերացման ուղղությամբ», - հաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։
Թբիլիսիում ամբողջ գիշեր անդադար անձրև է տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ից մայրաքաղաքում եղանակը կպարզվի։
Կարծիքներ