Ֆրանսիայի ՆԳՆ-ն սպասում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ մինչև 850 հազար ցուցարարների փողոց դուրս գալուն
Ֆրանսիայի ՆԳՆ-ում ակնկալում են, որ մարտի 15-ին ամբողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին կարող է մասնակցել 650-850 հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Le Figaro-ին:
Մարտի 7-ին բոլոր ցուցարարների ընդհանուր թիվը ՆԳՆ-ն գնահատել է 1,3 մլն մարդ, իսկ մարտի 11-ի ցույցերին մասնակցել է մոտ 370 հազար մարդ: Բողոքի ցույցեր են սպասվում Թուլուզում, Մարսելում, Գրենոբլում, Լիլում, Դիժոնում, Բորդոյում և Պոյում: Փարիզի ոստիկանությունը կանխատեսում է, որ փողոց դուրս կգա 50 հազարից մինչև 80 հազար մարդ: ՆԳՆ-ում չեն բացառում, որ բողոքի արմատականացման փորձեր լինեն:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան քաղաքապետարանին խնդրել է ցույցի ճանապարհին մաքրել աղբամանները: Բանն այն է, որ կենսաթոշակային բարեփոխման դեմ մեկ շաբաթ առաջ սկսել են գործադուլ անել աղբահանները, և մայրաքաղաքի և մի շարք այլ քաղաքների փողոցներում կուտակվում են հիմնականում տոպրակների մեջ փաթեթավորված աղբակույտեր։
Թուլուզում բողոքի ակցիաներին միացել է էներգետիկների արհմիությունը, ինչի հետևանքով մարտի 14-ին առանց էլեկտրականության է մնացել 30 հազար սպառող:
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չնայած բոլոր բողոքներին և քննադատություններին, բարեփոխումն անհրաժեշտ է կենսաթոշակների ֆինանսավորումն ապահովելու համար:
Կարծիքներ