Զբոսայգիներում, պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում դիմակ դնելը պարտադիր է

Զբոսայգիներում, պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում դիմակ դնելը պարտադիր է

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են՝

1) Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ

2) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի)

3) քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ

4) ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը

5) բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը.

6) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը

7) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը

8) խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը).

9) մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները

10) կոգնիտիվ խանգարումները

11) դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը

12) ծխելը, խմելը և սնվելը:

Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում